Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

SOS. Թամանյանը շրջափակվում է

SOS. Թամանյանը շրջափակվում է
02.05.2017 | 12:57

Այո, օրը ցերեկով շրջափակվում է մեծն Ալեքսանդր ճարտարապետի, քաղաքաշինարար Թամանյանի հուշարձանը՝ մայրաքաղաք Երևանի Թամանյան փողոց-պուրակի եզրին: Մոսկովյան, Բաղրամյան փողոցների և Մաշտոցի պողոտայի միջակայքում գտնվող զբոսայգու կենտրոնը լիասիրտ բաց էր և՛ Երևանի բնակիչների, և՛ քաղաքի հյուրերի համար: Սարյան պուրակից և օպերայամերձ Ֆրանսիայի հրապարակից պարզ տեսանելի էին՝ նախ Թամանյանի կոթող-հուշարձանը, այնուհետև Թամանյան գեղաշեն փողոց-պուրակը և, վերջապես, Կասկադ վեհաշունչ համալիրը: Զբոսայգում սրճարան է կառուցվել և գոցվել է գեղագիտական համայնապատկերը, Թամանյանի հուշարձանը վարագուրվել է: Գերիշխող դիրքում է սրճարանը: Հերթականը՝ մայր ոստանում: Այս պահին ես ահասարսուռ պատեպատ եմ խփվում ու շատ եմ զարմանում՝ ինչո՞ւ են լռել Երևանի գլխավոր ճարտարապետը, քաղաքաշինական խորհուրդը, Հայաստանի ճարտարապետների միությունը, առհասարակ, բարեկիրթ հայ հանրությունը:


Երկրով մեկ մոլեգնում է սրճարանառեստորանային սամումը և, ինչ խոսք, վիրավորանքի չափ զարմանալի է, որ Երևանում դեռ կան կանաչ տարածքներ, կան ծառեր ու թփեր, ծաղիկներ և սարյակներ, որ ապրում են իրենց կյանքով և սրճարանային համաճարակին չեն զոհաբերվել: Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը (հեղինակն է Հայաստանի ժողովրդական նկարիչ Արտաշես Հովսեփյանը) մոնումենտալ քանդակագործության դասական նմուշ է: Մոնումենտալ քանդակագործությունը կերպավորում է պատմամշակութային նշանավոր իրադարձությունները և դրանց հերոսներին: Այս պարագայում ճարտարապետ-քաղաքաշինարար Ալեքսանդր Թամանյանին: Դրանք ավանդաբար տեղադրվում են հրապարակներում, կենտրոնական փողոցների խաչմերուկներում և այլուր, որտեղից տեսանելի են հասարակությանը, հասանելի՝ նրա գեղագիտական ըմբռնումներին:
Ահա թե ինչպես է արժևորում Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը իր նշանավոր «Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX դարերում» աշխատության մեջ. «Թիկնոցածածկոցն ուսերին գցած ու երկու ձեռքով գծագրական սեղանին հենված, ստեղծագործելու պահին պատկերված մեծ ճարտարապետի ֆիգուրն ամփոփված է կուռ, ամբողջական սիլուետի մեջ»:
Սրճարանը կուռ և ամբողջատիրական ախորժակով փակել է Ալեքսանդր Թամանյանի հուշակոթողի, Թամանյան փողոց-պուրակի և Կասկադի տեսանելիությունն ու հասանելիությունը:


Ձայն տվեք, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյան, Երևանի քաղաքաշինական խորհուրդ և Հայաստանի ճարտարապետների միություն:
Թամանյանը շրջափակվում է:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3369

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ